Saturday, September 3, 2011

Չկրկնել 1921 թ.-ի սխալը

Աթենքում լույս տեսնող Հայաստան պարբերականի զրույցը Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանի հետ:
- Հարգելի պարոն Հակոբյան, Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ՝ նկատում ենք ‎իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մեղմացում, այսպես ասած ավելի կիրթ և ‎հանդուրժող հարաբերություններ ու մոտեցումներ: Ի՞նչպես եք գնահատում այս շրջադարձը:‎

- Յուրաքանչյուր քաղաքական գործընթաց և փոփոխություն, որ երկրում նվազեցնի ‎լարվածությունն ու առճակատումները, բնականաբար, նպաստելու է երկրի ‎կայունությանը, ուստի և ողջունելի է:‎

- Ի՞նչ է պատահել: Ինչո՞վ է պայմանավորված հարաբերությունների այս շրջադարձը, որ ‎մարտիմեկյան դեպքերի, բանտարկությունների և շուրջ երեք տարի լարվածությունից հետո, ‎‎առանց ուղղակի բանակցությունների, ինչպես հաստատել են կողմերը, որոշել են մեղմացնել ‎մոտեցումները: ՀԱԿ-ի առաջնորդ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը դա պայմանավորում է մի քանի ‎‎ազդակի, այդ շարքում՝ արաբական երկրներում ծավալված հակապետական ցույցերի, Ադրբեջանի ‎սպառազինման, տնտեսական տագնապի և այլնի հետ:‎
- Պարզ է, որ միջնորդված բանակցություններ է կայացել: Դա ամենևին էլ ‎‎անբնական և զարմանալի գործընթաց չէ: Իսկ նշված գործոնները առանձին, և եթե կուզեք նույնիսկ միասին, բնականաբար, կարող ‎‎էին ազդել, սակայն չէին կարող հիշատակված փոփոխությունների պատճառ հանդիսանալ, ‎‎եթե բացակայեր միջնորդող կողմերի դերակատարությունը:‎

- Ի՞նչն է մղել միջորդող կոմերին, թողնելով շուրջ մեկ տասնյակ լուրջ տագնապներ` Հյուսիսային ‎‎Աֆրիկայից Միջին Արևելք, Եմենից Աֆղանիստան ու Պակիստան, լծվեն Հայաստանի ‎ընդդիմությանն ու իշխանությանը հաշտեցնելու գործին, շուրջ երեք տարի անտեսումից հետո, ‎‎արևմտյան դիվանագետները հերթական հանդիպումներ են կազմակերպում ՀԱԿ-ի ‎ներկայացուցիչների հետ, իսկ ՀԱԿ-ից ոմանք հրավիվում են Մոսկվա:‎
- Կարևոր ու բանալի հարցադրում եք կատարում: Պետք է նկատի առնել մի քանի ‎կարևոր հանգամանք: Հայ-թուրքական տխրահռչակ արձանագրություններից հետո, ‎միջնորդ կողմերը ենթադրում են, որ Հայաստանը ունակ է ցանկացած փաստաթղթի ‎տակ ստորագրելու: Կովկասի և տարածաշրջանի նկատմամբ, միջնորդ կողմերի ‎շահագրգռվածությունները, իհարկե, տարբեր են, երբեմն անհամատեղելի, շատ ‎‎անգամ մրցակցող: Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական (գեոպոլիտիկ) մի քանի ‎շահագրգռվածություններ, տարածաշրջանի նավթագազային պաշարների հետ ‎համատեղ, պատճառ են հանդիսացել, որ առկա մեծ շահերը եզրեր գտնեն: Արցախի ‎հարցով հայ-ադրբեջանական հակադրվածությունը տարածաշրջանը շարունակաբար ‎պահում է լարված: Նավթարտադրող Ադրբեջանը, իր հերթին ճնշում է բանեցնում ‎շահագրգիռ կողմերի վրա: Միջնորդ կողմերը գիտակցելով, որ հայկական որևէ ուժ, ‎միայնակը, Արցախի հարցով չի կարող մեծ զիջումների գնալ ու նաև գիտակցելով, որ ‎թե° հայ-թուրքական և թե° հայ-ազերիական առնչությունների նկատմամբ ՀՀ ‎իշխանության և ՀԱԿ-ի կեցվածքները մեծ մասամբ համընկնում են, փորձում են ‎նրանց հաշտեցնել` փաստորեն համատեղել: Դրանով է պայմանավորված ‎հայաստանյան հակադիր ուժերի նկատմամբ միջնորդող կողմերի վերաբերման ‎‎փոփոխությունն ու անբացատրելի ուշադրությունը: Իհարկե, ինչպես նշեցի, ‎‎ հայկական կողմերի մոտ նաև, անկասկած, առկա է լարվածությունը մեղմացնելու ‎ցանկությունը, ինչը կարող է դրական հետևանքներ ունենալ երկրի համար:‎

- Իր վերջին համարում ամերիկյան The New York Times-ը գրել է. «խնդրի կարգավորման ‎հիմնարար սկզբունքները պատերազմի հետևանքով տեղահանված հազարավոր ‎‎ադրբեջանցիներին հնարավորություն կտա ‎վերադառնալ իրենց բնակավայրեր, եւ այս հարցում ‎Հայաստանի նախագահը ‎պետք է համոզի իր ժողովրդին, որ այդ տարածքներում ապրող էթնիկ ‎հայերը ‎վտանգի չեն ենթարկվելու»: Իսկ ՀՀ արտգործնախարարության գերատեսչության ‎հայտարարությունը հաստատում է, որ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ հայկական ‎կողմն արդեն տվել է իր համաձայնությունը: ՀՀ արտգործնախարարությունը ինչպե՞ս է ‎համաձայնություններ տալիս նման գերխնդիրների նկատմամբ, երբ հանրությունը, բացի ‎հանդիպումների թվականից և վայրից ալ բան չգիտի և անտեղյակ է համաձայնություների բովանդակության ‎մասին:‎
- Բանակցային գործընթացների, մինչև որոշակի փուլ, խորհրդապահորեն ‎շարունակվելու երևույթը հասկանալի է, բայց դրանք չեն կարող շարունակվել, եթե ‎քննարկման և հավանության չարժանանան ժողովրդի մեծամասնության կողմից: ‎Հակառակ պարագայում կարող է պատահել այն ինչ-որ պատահել է բազմիցս և ‎պատահեց նաև Պաղեստինում: Վերնախավը, չի կարող անվերջ չարաշահել իր ‎նկատմամբ տածված վստահությունը: Բանակցային գործընթացների ‎ձախողման գլխավոր պատճառը, նրան հաջորդող ցավալի դեպքերը` ժողովրդի ‎կողմից տրված կրեդիտի չարաշահման պատճառով է տեղի ունենում: Միջնորդող ‎տերությունները, երբեմն պահանջում և պարտադրում են գործընթացներ, որ եթե ‎իրենք իրենց երկրներում նույնը կատարեին, անմիջապես կտապալվեին:‎

-Տեսակետ կա, որ ԱՄՆ և Իսրայելը փորձում են տարածաշրջանում Ադրբեջանին, Թուրքիայից ‎‎անկախ, առանձնահատուկ դերակատարություն շնորհել, զսպելով նաև Թուքիայի նոր՝ ‎Օսմանյան, ախորժակները: Մյուս կողմից, Թուրքիան փորձում է մոտենալ Ռուսաստանին, իսկ ‎Ռուսաստանը սիրաշահում է Թուրքիային: Նշված զարգացումները ուր կարող են տանել և ի՞նչ ‎‎անդրադարձ կարող են ունենալ Հայաստանի վրա:‎
- Ադրբեջանին առանձնահատուկ դերակատարություն վերապահելու ցանկացած ‎ծրագիր, որ խախտի շրջանային հավասարակշռությունը կարող է լրջորեն սպառնալ ‎հայկական շահերը: Սակայն, ուշադրությամբ հետևելով հանդերձ, չպետք է ‎չափազանցել այս մասին: Ադրբեջանի նկատմամբ նշված պարագան հիմնականում ‎պայմանավորված է, տարածաշրջանային այլ հակասությունների հետ, որի կորիզն է ‎հանդիսանում , Իրան-արևմուտք առճակատումը, որից շահեր է փորձում կորզել ‎‎Բաքուն: Գալով Թուրքիայի հարցին, իհարկե, Ռուսաստանի իշխող վարչակազմն ‎‎աներևակայելի կոռումպացված է, ինչը, միգուցե, իրենց ազգային անվտանգությանն ‎սպառնացող գլխավոր վտանգն է. Ռուսաստանում նկատում ենք հակասական ‎մոտեցումներ Թուրքիայի նկատմամբ, սակայն ոմանք Ռուսաստանում կարծում են, որ ‎նոր Աթաթուրք են հայտնաբերել: Անկասկած, դրանից, հիմնական տուժող է լինելու ‎նույնինքը` Ռուսաստանը: Թուրքիան շարունակում է մնալ` անվստահելի և ‎‎անկանխատեսելի հարևան բոլոր երկրների համար: Թուրքիայի հարևանների հետ զրոյական ‎կոնֆլիկտ ունենալու Անկարայի հայտարարած քաղաքականությունը, թուրքական ‎‎ակներև խորամանկություն է: Դա նկատելու համար բավարար է, լուսարձակի տակ ‎‎առնենլ վերջին 10 օրերի Թուրքիան, որ օգտագործելով հարևան երկրի խառնաշփոթ ‎կացությունը, ուժեր է կուտակել Սիրիայի սահմանի վրա: Վերջին օրերի ընթացքում, ‎Թուրքիան «մարդասիրական» նկրտումների անվան տակ, խախտել է Սիրիայի ‎սահմանը և հավակնում է` գաղթականներ պաշտպանելու անվան տակ, հարևան ‎‎երկրի հողի վրա ստեղծել «առընթեր միջանցք»:‎

- Որպես վերջին հարցում, տեսակետ է շրջում, որ Ադրբեջանը, այնքան էլ հետամուտ չէ ‎‎Արցախով, և շատ բան էլ չունի ստանալիք այնտեղից, որքան Զանգեզուրից: Ինչքան հավանական ‎‎է Զանգեզուրի նմատմամբ ագրեսիա և արդյո՞ք ադրբեջանական նման արկածախնդրություն, ‎հովանավորներ կգտնի՞: ‎
- Նշվածը դժվար, սակայն տրամաբանական սցենար է: Նկատի առնելով, որ նման ‎‎ագրեսիա, ուղղված է նաև Ռուսաստանի և Իրանի դեմ, խրախուսողներ միշտ էլ ‎կարող են գտնվել: Ոչ խաղախություն, ոչ պատերազմ վիճակում ոչինչ չի կարելի ‎‎բացառել: Ռազմական առումով, այսօր, երևի թե անհնար է նման ծրագրի ‎իրականացնելը, սակայն տարածքային զիջումներից հետո, Զանգեզուրը շատ ավելի ‎խոցելի կդառնա: Մեր բանակցողները չպետք է կրկնեն 1921թ.-ի սխալը:

Հայաստանը եւ Սփյուռքը ապրում են տարբեր անջրպետներում

Տեր-Պետրոսյանի չափից ավելի ենթարկվող, Քոչարյանի չափից ավելի կոպիտ եւ Սարգսյանի չափից ավելի անորոշ գործելոճը իրենց չեն արդարացրել

Հարցազրույց Հայկական Ժողովրդային Շարժման կենտրոնական խորհրդի անդամ, «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր` Մովսես Քեշիշյանի հետ

- Ակներեւ է, որ ադրբեջանական նավթը կատարում է իր գործը: Ադրբեջանը սպառազինվում է, սպառնում է եւ նոր բարեկամներ է շահում, իսկ մե՞նք:
- Նավթարդյունաբերող երկրներից, չկա մի օրինակ, որ նավթ կամ այլ հումք վաճառելով եւ դրա հաշվին զինվելով, գերուժի վերածված լինի: Չկա, նույնիսկ, նավթարդյունաբերղ պետություն, որ տնտեսական եւ ընկերային առումով լուրջ զարգացում ապրած լինի: Նման երկրներում, մեծավմասամբ, բռնապետական` տոտալիտար պետություններ են ձեւավորվում, որովհետեւ դրա համար, ունեն բավարար ռեսուրս եւ հովանավորներ, ինչը բացառված է ՀՀ-ի պարագայում: Ուստի հակառակ, ներկա Ֆինանսական առավելություններին` սղաճ, օտարերկրյա պետություններից կախվածություն, առավել կոռուպցիա եւ հետեւաբար տագնապ եւ ոստիկանական իշխանության դրույթ է սպասում Ադրբեջանին: Ու թեեւ Ադրբեջանը, հավանաբար, մեր նկատմաբ մարտավարական հաջողություններ արձանագրի, սակայն ռազմավարականորեն ձախողելու է, իհարկե պայմանով, որ մենք նորմալ պետության վեածվենք: Իսկ մեր լոբբիստական անհաջողությունների առյուծի բաժինը, վերադառնում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների դատարկությանը, առավել` չաշխատելու, անհետեւողականության եւ անկազմակերպվածության: Ցավոք, դիվանագիտության ոլորտում հաճախ տպավորություն ստեղծելը իրականությունից ավելի կարեւոր է:

- Ի՞նչ վիճակում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները. նկատեցինք, որ մարտի 1-ի ողբերգական դեպքերի տարելիցին, ՀՀ գրեթե բոլոր թերթերը հանգամանորեն զբաղվեցին այդ հարցով, մինչ Սփյուռքում, երեւի թե, միայն մեկ կազմակերպություն եւ թերթ անդրադարձավ այդ հարցին. իսկ Հրանդ Դինքի սպանության տարելիցին, մինչ սփյուռքահայ բազմաթիվ թերթեր, առվել թուրքական հառաջադիմական մտավորականությունն ու լրատվությունը խոսեց այդ մասին, հայաստանյան միայն մեկ թերթ հիշեց այդ թվականը. ի՞նչպես հասկանալ այս հակասական երկությունը:
- Հաղորդակցության հեղափոխության ժամանակաշրջանում, Հայաստանը եւ Սփյուռքը ապրում են տարբեր անջրպետներում: ՀՀ պատասխանատուների այցելությունները Սփյուռքի հայկական համայնքեր, մեծավ մասամբ` ցուցադրական, ուստի եւ ապարդյուն են: Սփյուռքահայ թերթերի մեծամասնությունը կուսակցական օրգաններ են, հետեւաբար նրանք չեն հանդիսանում սփյուռքահայության հայելին: Այդ օրգանները ՀՀ իրադարձություններն նայում են յուրովի ըմբռնումներով եւ նկատառումներով, նրանք նույնպես ունակ են իրենց համայնքի ցանկացած իրադարձությունը անտեսել կամ չտեսնել ձեւանալ: Ավանդաբար, նրանք ավելի ունակ են անդրադարնալու իրենց կազմակերպած բովանդակազուրկ ճաշակերույթներին քան Հայության առնչվող լուրջ հարցերին: Իսկ մյուս կողմից, Հայաստանում, քաղաքացիական տարրական իրավունքները ոտնահարվող պայմաններում, հաճախ ռազմավարական եւ կենսական հարցերը կարող են ետին պլան մղվել: Հայաստանում ազգային հարցերի լուծումը, հասկանալիորեն, պայմանավորում են քաղաքացիների իրավունքների հարգման եւ երկրում ընտրյալ, ժողովրդավար եւ օրինապահ պետության կայացման հետ: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները տեղքայլի մեջ են:

- Ո՞րն է, ըստ ձեզ, ՀՀ նորմալ եւ զարգացող պետություն դառնալու գերխնդիրը` հիմնական խոչընդոտը: Որտե՞ղից սկսել` Հայաստանում հարյուրավոր տնտեսական եւ հասարակական հին ու նոր խորքային պրոբլեմներ կան:
- Հայաստանում շարունակվող լուրջ օրինախախտումների գերակշռող մասը, ոչ թե նպատակ, այլ ընդամենը միջոցներ են: Խոշոր օրինախախտումները տնտեսական մոնոպոլիտ բուրգերի անօրեն շահը ապահովելու համար են իրականացվում: Այնքան ժամանակ, որ ՀՀ-ում տիրում են մենաշնորհյալները` ովքեր թալանում են պետությանը, ժողովուրդին, գործարարներին եւ երկրի բնական հարստությունը, Հայաստանը նորմալ պետության չի կարող դառնալ, անկումն ու օրինախախտումը շարունակվելու է համատարած կերպով, անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխող, կամ ով է երկրի առաջնորդը: Երբեմն լսում ենք, որ այս ուղղությամբ քայլեր չնախաձեռնելը, պայմանավորված են երկրում տագնապ չառաջացնելու մտահոգությամբ, մինչդեռ, այս դրության շարունակությունը, ոչ միայն տագնապալից, այլեւ խորտակիչ ու պայթունավտանգ է: Ուստի մինչեւ այս հարցի նկատմամբ քաղաքական կամք չդրսեւորվի, ընտրակեղծիքները, դատական համակարգի փտածությունը, ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան, աղքատությունն ու սղաճը, լրատվական մոնոպոլիան, պետպաշտոնյաների համառությունն ու պաշտոնների առ ու վաճառքը…, շարունակվելու են: Չկա աշխարհում երկիր, ուր տնտեսության հիմնական ռեսուրսները մոնոպոլացված լինեն, բայց ինստիտուտները աշխատեն նորմալ: Տնտեսությունը կապանքների մեջ չի կարող զարգանալ, իսկ տնտեսական աճի մասին խոսելն նման պայմաններում, մեղմ ասած, անմտություն է: Կիրակին շաբաթից ավելի շուտ չի կարող գալ:
Հայատստանը մի կողմից ցանկանում է մոտենալ Եվրոպային, իսկ մյուս կողմից պայքարում է եվրոպական հասարակական կյանքի նվաճումների դեմ: Իսկ ձեր գնահատմամբ, իշխանությունը ի զորու է դա անելո՞ւ:
Հայաստանում տնտեսական ոլորտում առկա վիճակը պայմանավորված է քաղաքական իրավիճակով: Ցանկացած իշխանություն, եթե կամենա, կարող է օրինականություն հաստատել երկրում:

- ՀՀ ընդդիմության առաջնորդները խոստանում են փոփոխություն: Դուք Հայաստանի ներկա ընդդիմությանը ալտերնատիվ համարում ե՞ք:
- Ալտերնատիվը` նախ եւ առաջ նպատակային պետք է լինի եւ այնուհետ է, որ նշանակություն են ստանում նպատակը իրականացնող մարդիկ` լիդերները: Առաջնորդները` ինքնին, ալտերնատիվ չեն կարող համարվել, եթե ծրագրային առումով համապատասխան առաջադրանքներ չներկայացնեն: Ընդդիմությունը ՀՀ-ում, իհարկե, բազմաշերտ է, սակայն Հայաստանում հաճախ քննադատում են գործիչներին եւ նվազ` երեւույթներին: Իսկ, չմոռանանք, որ ներկա իրավիճակը չի ստեղծվել վերջին տարիներին, դրանք արմատ են նետել առնվազն 15 տարի առաջվանից սկսյալ: Այնպես, որ ներկա կացության համար նույնքան ու դեռեւս ավելի պատասխանատու են ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները:

- ՀՀ երրորդ հանրապետության երեք նախագահներին համեմատելով իրար հետ, ի՞նչպես կգնահատեք նրանց գործունեությունը:
- Արտերկրից նման դատողություններ անելը ճիշտ չեմ համարում: Ձեր հարցումը անպատասխան չթողնելու համար, միայն կարող եմ ասել` Տեր-Պետրոսյանի չափից ավելի ենթարկվող, Քոչարյանի չափից ավելի կոպիտ եւ Սարգսյանի չափից ավելի անորոշ գործելոճը իրենց չեն արդարացրել:

- Ըստ Ձեզ` ի՞նչ դեր ունեն արտաքին ուժերը ՀՀ ներքին խնդիրներում եւ հասարակական մոբիլիզացիայի գործում. իսկ իշխանություն-ընդդիմություն համախոհությունը կարող է նվազեցնել օտարերկրյա միջամտությունը:
-Իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների կոնկրետ պատկերացում չունենք: Սակայն, երկիրը լուրջ հարցերի դեմ հանդիման է կանգնած. Հայաստանը կորցրել է իր բնակչության, առնվազն, մեկ երրորդը: Ցանկացած փորձ, լինի դա երկխոսության ձեւով կամ հասարակական ուժի մոբիլիզացիայով, որ կարող է արգելակել արտագաղթը եւ քաղաքացուն իր վաղվա նկատմամբ վստահություն ներշնչել, օժանդակելու է ՀՀ պետականության ամրագրմանը, այլապես դեռ ավելի է աճելու արտաքին ուժերի ազդեցությունը երկրում, նրանք օգտվելու են նաեւ Հայաստանում առճակատումներից եւ լարվածությունից:

- 24 Ապրիլի առիթով, ի՞նչ պատգամ կուղղեք հայ ժողովրդին:
-Պատգամս այն է, որ Թուրքիայի նկատմամբ մեր իրավունքների հարցը չհավասարեցնել ցեղասպանության ճանաչման բարոյախոսության հետ: 1965-ին, Խորհրդային սահմանափակումների տարիներում, կես միլիոն հայություն Երեւանում բացականչեց` «Մեր հողերը», այսօր, անկախացած Հայաստանի օրերում, չասենք միայն` «մեր զոհերը» եւ անտեսենք նրանց երազանքը:

«Հայաստան» լրատու, Աթենք, 21 Ապրիլ 2011 թ.