Thursday, October 29, 2009

Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ, hարգարժան պրն. Սերժ Սարգսյան,

Հարգելով Ձեր ներդրումն Արցախյան պայքարում, ՀՀ-ի տարածաշրջանային և միջազգային հավասարակշիռ ու ճկուն քաղաքականություն վարելու ձգտումը, ուղղում ենք այս բաց նամակը Հայկական Ժողովրդային Շարժման` Հայության անտեսված և ոտնահարված իրավունքների ճանաչման ու վերականգնման գործում, Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարում իր ներդրումը ունեցած կազմակերպության անունից` հանուն Հայության միասնության, հայ նորաստեղծ պետականության անվտանգության, վերջին հազարամյակում մեր աննախընթաց նվաճումի` Արցախի Հանրապետության, և կատարում ենք հետևյալ նշումներն ու առաջարկությունները, ցավ հայտնելով, որ նման զգայուն հարցի վերաբերյալ, կացության թելադրանքով, լուռ խորհրդակցությունների փոխարեն, հարկադիր կատարում ենք հրապարակային հայտարարություն:

Հարգարժան պրն. Նախագահ,

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը, Եղեռնի ճիշտ նախօրեին «ճանապարհային քարտեզի» մշուշոտ ներկայացնելը, ՀՀ-ի և, ընդհանրապես, Հայության անվտանգությանն առնչվող այս գլխավոր հարցի նկատմամբ ՀՀ իշխանությունների անընդունելի երկար լռությունը, թուրքական մամուլն ու թուրք պետական գործիչների հայտարարությունները տեղեկության միակ աղբյուր հանդիսանալը, այնուհետև նախաստորագրված արձանագրությունների բովանդակությունը, չքննարկված արձանագրությունները փոփոխման ենթակա չլինելու մասին կատարված հայտարարությունները, նախաստորագրություններից հետո միայն ՀՀ-ի և Սփյուռքի քաղաքական ու հասարակական կազմակերպություններին և, ընդհանրապես, հանրությանը տեղյակ պահելը, աճապարանքով ու ժամանակային ճնշման ներքո քննարկումները, Սփյուռքի հետ ցուցադրական խորհրդակցությունները, իսկ մյուս կողմից` նախաստորագրվածի վերաբերյալ առանց լուրջ քննարկումների անզուսպ հայտարարությունները, տեղատարափ մեղադրանքներն ու զրպարտությունները, երկրի անվտանգությանն առնչվող հարցի նկատմամբ մրցակցային վերաբերմունքը, զգացմունքային հայտարարությունները, պետական ու առանձին կազմակերպությունների դիտանկյունը հավասարեցնելը, Սփյուռքի ու ՀՀ-ի քաղաքականությունն ու մարտավարությունը նույնացնելն ստեղծել են լարվածություններ, շփոթություններ, անվստահության մթնոլորտ, որն աննախընթաց պառակտումներ ու առճակատումներ է առաջացրել Հայության մեջ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում և թե՛ ՀՀ-Սփյուռք հարաբերություններում:

Հարգարժան Նախագահ,
Ըմբռնումով մոտենալով Ձեր նախաձեռնության նկատմամբ, ոչ դեմ ենք ՀՀ-Թուրքիա շրջահայաց և զգուշավոր դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, և ոչ էլ ապաշրջափակմանը, այն ՀՀ-ի օրինական և բնական իրավունքն ու պահանջը համարելով, չնայած որ, այս հարցում, ՀՀ-ին վերաբերող բազմաթիվ ազդակների պատճառով, լուրջ վերապահումներ ու մտահոգություններ ունենք:

Սակայն նախաստորագրված արձանագրություններում առկա են ավելի քան մեկ տասնյակ ոչ միայն պայման, այլև պարտավորություն, որոնցից այստեղ նշում ենք կատարում միայն գլխավորի մասին:

Հարգարժան Նախագահ,
ՀՀ ԱԳՆ-ի հիմնական պաշտոնակատարները, տարբեր առիթներով, փորձել են համոզել հայ հանրությանը, իբրև թե ՀՀ-ը ՄԱԿ-ին անդամակցելով ինքնաբերաբար արդեն ճանաչել է Թուրքիայի հողային ամբողջականությունը: Նրանք պնդում են, որ Հայաստանը նախապես ստորագրած միջպետական երկու պայմանագրերով` Ալեքսանդրապոլով ու Կարսով, արդեն իսկ ճանաչել է ՀՀ-Թուրքիա ներկայիս սահմանը, ուստի և այս նոր փաստաթղթով ՀՀ-ը քաղաքական նոր ակտ չի կատարում և ընդամենը ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ է նախապես կատարվածը, ինչը բոլորովին չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես գիտեք, Ալեքսանդրապոլի և Կարսի «պայմանագրերն» իրենցից պայմանագրային արժեք չեն ներկայացնում, միջազգային իրավունքի առումով նույնիսկ պայմանագիր չեն համարվում, որովհետև 1920-21 թթ. Հայաստանի դեմ պատերազմող թուրքական ապստամբող խումբը պետության հանգամանք չուներ: Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է ընդամենը 1923 թ. հոկտեմբերի 29-ին և հետագայում ճանաչվել որպես պետություն: ՀԽՍՀ-ը նույնպես, միջազգայնորեն երբևէ պետական հանգամանք չի ունեցել, ուստի չէր էլ կարող միջպետական համաձայնություն ստորագրեր:
ՄԱԿ-ին անդամակցելով` երկրները միմյանց սահմաններն ու հողային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ կատարված հայտարարությունները առավել ևս անհիմն են, որովհետև ՄԱԿ-ին անդամակցելը ոչ միայն սահմաններ ճանաչելու, այլ նույնիսկ պետություններ ճանաչելու պարտավորություն չի ստեղծում: Այս հարցի ամենապարզ օրինակը Իսրայելի և իր ավելի քան մեկ տասնյակ հակառակորդների պարագան է: ՄԱԿ-ի անդամ երկրների օրինակները շատ ավելի խոսուն են, երբ հարյուրավոր երկրներ հողային և սահմանային վեճեր ունեն իրար հետ, ինչն ապացուցում է վերը նշված պնդումների անհիմն լինելը:
ՀՀ արտգործնախարարի այն պնդումները, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթադրում է սահմանների ճանաչում, նույնպես անհիմն են և անճիշտ: Աշխարհում նման նախընթաց ո՛չ միայն գոյություն չունի, այլ ինչպես գիտեք Թուրքիան սահմանային հարցեր է ունեցել և ունի գրեթե իր բոլոր հարևան երկրների հետ, ինչը չի խանգարել կամ խոչընդոտել դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն:

Հարգարժան պրն. նախագահ,
ՀՀ ԱԳՆ-ը, քողարկելու համար դավաճության համազոր իրենց այս արարքը, նախաստորագրված փաստաթղթերից սխալ թարգմանություն է տրամադրել հայ հանրությանը` փորձելով մեղմացնել, քողարկել իր կատարածը և հանցավոր կերպով մոլորեցնել հայությանը:

Նախաստորագրվածի անգլերեն բնագրում բառացիորեն գրված է.
«ՀԱՍՏԱՏԵԼՈՎ երկու երկրների միջև գոյություն ունեցող ՆԵՐԿԱ սահմանի փոխադարձ ճանաչումը» (1)
Իսկ ԱԳՆ-ի ներկայացրած թարգմանությունում կարդում ենք.
«ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ երկու երկրների միջև գոյություն ունեցող ԸՆԴՀԱՆՈՒՐ սահմանի փոխադարձ ճանաչումը»
Ճակատագրական հետևանքներ ունեցող այս փաստաթղթում, ՀԱՍՏԱՏԵԼ բառը ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ թարգմանելով, պրն. Նալբանդյանի թիմն ի՞նչ նպատակ է հետապնդում բացի վերոնշյալից:
Զարմանալի է ու հատկանշական, որ նախաստորագրված այս փաստաթղթով, ճանաչվում է ոչ միայն ՀՀ-Թուրքիա ներյակիս սահմանը, այլ նաև տարածաշրջանի այլ պետությունների` իմա Ադրբեջանի և այլոց սահմանները` «Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ներքին գործերին չմիջամտելու, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆԽԱԽՏԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՐԳԵԼՈՒ իրենց երկկողմ և ԲԱԶՄԱԿՈՂՄ պարտավորությունները»:

Հաստատելով այս արձանագրությունները, ՀՀ-ն առաջին անգամ, Ձեր կողմից ստորագրվելիք միջպետական մի փաստաթղթով, ճանաչելու է ՀՀ-Թուրքիա և տարածաշրջանի այլ պետությունների ներկայիս սահմանները:

Հարգարժան նախագահ,
Քաղաքական այս ակտը կատարելով` Դուք կոտրելու եք 7 միլիոն սփյուռքահայերի և 3 միլիոն ՀՀ քաղաքացիների դիմադրության ոգին ու արդարությունը վերահաստատելու կամքը: Ցեղասպանության ճանաչումն այլևս ո՞ւմ է մխիթարելու, ի՞նչ արժեք ունի, այլևս ինչի՞ է ծառայելու, եթե ՀՀ-ը խաղաղ պայմաններում, ինքնակամորեն, առանց գրեթե ոչ մի լուրջ բան շահելու, ոչնչացնում է արդարության և ոտնահարված իրավունքի վերահաստատման տեսլականը:
Ստորագրելով այս փաստաթուղթը, ՀՀ-ը տալիս է ամեն ինչ, զոհասեղանին դնելով Հայաստանի անցյալն ու ներկան, փոխարենը ստանալով գրեթե ոչինչ, իսկ սահմանի բացման հարցում ևս չունենալով վերահսկելու որևէ մեխանիզմ` Թուրքիայի ցանկացած հաջորդական մանևրների դեպքում ՀՀ-ում առաջանալու է ոչ միայն իշխանությունների, այլ նաև պետական ճգնաժամ:

Տարօրինակությունը ՀՀ ԱԳՆ-ի այն մոտեցումն է, իբրև թե սահմանի բացումը միայն մեզ է անհրաժեշտ, հետևաբար մենք պետք է վճարենք այդ բոլորի գինը:
Ինչո՞ւ են կատարվում միակողմանի այս զիջումները, երբ ՀՀ-ը զգալի բանակցային առավելություններ ունի, որոնց գլխավորն է Արցախում մեր դիրքը, Ցեղասպանության ճանաչման օղակը և Ցեղասպանությունից բխող հետևանքները, որ օրեցօր ավելի են սեղմում և մտահոգում Թուրքիային:
Ինչո՞ւ են կատարվում միակողմանի այս զիջումները, երբ, բացի վերը նշվածներից, գիտենք, որ հարաբերություններ հաստատելու և սահմանի բացման հարցում Թուրքիայի հետաքրքրությունը ոչ թե ՀՀ-ի խղճուկ շուկան է, այլ անհամեմատելիորեն շատ, քան մեր հետաքրքրությունը, որն է տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահ և գերակայություն ապահովելը:
Թուրքական 16-ամյա շրջափակումը ոչ միայն չի կարողացել ծնկի բերել ՀՀ-ին, այլ առաջին հերթին վնասել է հենց իր աշխարհաքաղաքական և տնտեսական շահը:
Ապրիլի 22-ից, դժբախտաբար, ՀՀ-ը Թուրքիային հնարավորություն է ընձեռնել իր ռազմավարական քաղաքականությունն իրագործել մեր հաշվին, մինչդեռ իր դիմաց մենք ստացել ենք ոչինչ, հաշվի չառնելով պետական մակարդակով գրեթե ամենօրյա հակա ՀՀ և հակահայ քայլերը:

Հարգարժան պրն. նախագահ,
Իրապաշտ լինելով` Դուք տեղյակ եք, նույնպես և ունակ եք ամբողջովին հասկանալու, որ վերջին 35 տարիների ընթացքում ինչ գերմարդկային զոհողությունների գնով, Հայկական հարցը, մոռացված ու պատմական մի հարցից թեժ քաղաքական հարցի վերածվեց: Այսօր ո՛չ միայն բազմաթիվ մեծ ու փոքր պետություններ, այլև թուրք, առավել առողջ մտայնության տեր մարդիկ, սկսել են խոստովանել և ընդունել Հայոց Ցեղասպանության իրողությունը:
Նախաստորագրված փաստաթուղթը, Հայկական Հարցի կորիզը կազմող ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, դարձյալ ուղարկում է ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԳԻՐԿԸ, և ո՛չ միայն կատարվել է այս, այլև ինչպես բնագրում է գրվել` «պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ու առաջարկների ձևակերպման համար…»:

Հարգարժան նախագահ,
Բարեբախտաբար, այսօր, կարող ենք ասել, որ ոչ միայն հայ պատմաբանները, ոչ միայն մենք բոլորս, այլ գրեթե ամբողջ աշխարհը գիտակից է Հայության դեմ իրագործված դաժան Ցեղասպանության իրողությանը, վերջապես հայոց ողբերգությանը վերաբերող փաստերը «հայկական» փաստեր չեն, ուստի և հայ պատմաբանները, այդ փաստերը ինչպես տրամադրում են բոլորին, եթե ցանկություն ունեն ստանալու, կարող են տրամադրել նույնպես թուրքերին: Իսկ ի՞նչ է նշանակում արձանագրությունում տեղադրված փաստաթղթերի գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով խնդիրների ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ:
Պատմաբանների կողմից խնդիրների ՀՍՏԱԿԵՑՈՒՄ-ն ինքնին նշանակում է միայն մեկ բան` որն է մինչ այժմ ներկայացված փաստարկների, մեղմ ասած ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ, անորոշությունը, իսկ գիտական և անկողմնակալ բառերը բացեիբաց խոսում են այն բանի մասին, որ մինչ այժմ կատարվածը ոչ-գիտական և կողմնակալ է եղել:

Հայությունն իհարկե պատճառ ունի ուրախանալու և իրեն հպարտ զգալու, որ Թուքիան այսօր ոչ միայն պատրաստակամ է, այլև ստիպում է հայերին համատեղ քննարկել Հայոց ցեղասպանության փաստերը: Երևույթ, որ հայության համար երազանք էր 70-ական թվականներին, իսկ այսօր մեր կողմից դրա ընդունելը, այլևս բոլորովին ժամանակավրեպ է և նահանջ է նշանակում:

Հարգարժան ՀՀ նախագահ պրն. Ս. Սարգսյան,
Ինչպես նշեցինք, ողջունում ենք ՀՀ-ի տարածաշրջանային և միջազգային հավասարակշիռ ու ճկուն քաղաքականություն վարելու Ձեր ձգտումը և, այս պարագայում, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանի շրջափակման ուղղությամբ սերտված և զգուշավոր քայլերը, սակայն առաջարկում ենք.
- նախաստորագրված փաստաթղթի բովանդակությունը բառ առ բառ մասնագիտական քննարկման առարկա դարձնելով` վերատեսության ենթարկել:
- Առանց ՀՀ-ի վարչական հարցերին միջամտելու հավակնությունն ունենալու, առաջարկում ենք, որ պրն. Նալբանդյանին ու իր անմիջական գործակիցներին իրենց թույլ տված ծանր, կոպիտ և համահայկական մասշտաբով սխալների համար պաշտոնից հեռացնել: Պրն. Նալբանդյանն այլևս դրականորեն չի ընդունվելու, մանավանդ Սփյուռքում:

Ստորագրելով այս փաստաթուղթը, Դուք ոչ միայն Վասակի իմաստությամբ չեք առաջնորդվելու, այլ միայն սպանելու եք Վարդանանց ոգին:
Ուստի, եթե կուզեք, որ ՀՀ զինանշանի Արարատն ադրբեջանական դրոշի լուսնի նման անհասանելի չլինի, առանց հիմնական փոփոխությունների ենթարկելու մի ստորագրեք նախաստորագրված, եթե կուզեք, դավաճանական այս փաստաթուղթը:

07.10.2009
Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական Խորհուրդ

(1) Confirming the mutual recognition of the existing border between the two countries as defined relevant treaties of international law.

Monday, May 11, 2009

ՉՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵԼ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՍԽԱԼ

«Հայաստան» լրատու.02.05.2009: «Հայաստան» շաբաթաթերթի բացառիկ հարցազրույցը Հայկական Ժողովրդային Շարժման (ՀԺՇ) կենտրոնական խորհրդի անդամ Մովսես Քեշիշյանի հետ - Հայկական Ժողովրդային Շարժումը երկար տարիներ ծանոթ է որպես ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ) քաղաքական զինակից, այլ խոսքով, հայության իրավունքների նկատմամբ արմատական կեցվածքներ որդեգրող կազմակերպություն: Ո՞րն է ՀԺՇ-ի մոտեցումը, Հայաստան-Թուրքիա սահմանների բացման հարցում: - Նախ նշեմ, որ «Սահմանների բացում» ասելը, ճիշտ չէ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը սահման չի փակել, որ բացի: 1993թ. Թուրքիան փակելով սահմանը շրջափակման է ենթարկել Հայաստանի Հանրապետությանը: «Սահմանների բացում» արտահայտությունը կամա թե ակամա, մեղմացնում է կատարվածը, քողարկում Թուրքիայի կողմից միջազգային օրենքի խախտումը: Թուրքիայի կողմից շրջափակման վերացման` ՀՀ իշխանությունների պահանջը միջազգային օրենքի սահմաններում է: - Հայաստանը եւ Թուրքիան Ապրիլի 24-ի նախօրեին հայտարարել են «ճանապարհային քարտեզ» համաձայնության մասին, սակայն բովանդակության մասին դեռեւս պաշտոնական հայտարարություններ չկան: Թուրքական «Սաբահ» թերթը ներկայացրել է փաստաթղթի 5 կետերի մասին: Ո՞րն է ՀԺՇ-ի մոտեցումն այս անակնկալի վերաբերյալ: - «Ճանապարհային քարտեզը», ըստ երեւույթի, նախնական պայմանավորվածություն է: Փաստաթուղթը դեռեւս չի հրապարակվել, որի գաղտնիության պահպանումը, հավանաբար, երկկողմանի պայմանավորվածության հետեւանք է: «Սաբահ»-ի ակնարկած կետերը նորություն չեն: Մինչ այդ հրապարակումը, նույնիսկ նախքան «ճանապարհային քարտեզ»-ի մասին, ժնեւյան համատեղ հայտարարությամբ, հանդես գալը, թուրքական ԶԼՄ-ները հրապարակեցին արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից որոշ մանրամասեր, որ, ավելի ուշ, պարզվեց թե դրանք համապատասխանում են իրականությանը: Թուրքական «Զաման» թերթը դեռեւս ապրիլի 15-ին, երեւանյան աղբյուրներից ստացած տեղեկությունների հիման վրա, գրեց, որ մոտ օրերին հրապարակվելու է համատեղ հայտարարություն, որ դա տեղի է ունենալու մի երրորդ երկրում, եւ անգամ նշեց, որ այդ երրորդ երկիրը մեծ հավանականությամբ լինելու է Շվեցարիան, որն արդեն ընդունել էր միջնորդի դերը: Այդտեղ մասնավորապես նշվում է, որ.Հայաստանն ընդունել է 1915թ. իրադարձությունները քննող պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի պահանջը, ինչն ավելի ուշ հաստատեց նախագահ Սարգսյանը` «Դը Ուոլ Սթրիթ Ժուրնալ» թերթին տված իր հարցազրույցում: Հետաքրքրական է նաեւ այն նշումը, որ Երեւանին հանգստացնելու համար ստեղծվելիք հանձնաժողովը անվանվելու է միջկառավարական, որն էլ իր հերթին կազմված է լինելու տարբեր հանձնախմբերից, որոնցից մեկն էլ լինելու է պատմության հանձնախումբը… Երեւանը, հավանություն տալով այս հանձնախմբին, ակամա ընդունելու է, որ 1915թ. իրադարձությունները ոչ թե քաղաքական եւ իրավաբանական խնդիրներ են, այլ` պատմական: Թուրքական աղբյուրներում նշվում են նաեւ այլ մանրամասեր, որոնց հավաստիությանը, ընդհանրապես, պետք է վերապահությամբ մոտենալ: Բայց եւ ցավալի է, որ հայ հանրությունն այսօր, լինի դա ՀՀ-ում թե Սփյուռքում, ազգային ամենանուրբ ու ճակատագրական հարցերի վերաբերյալ սեփական երկրի իշխանության կողմից ամբողջական տեղեկություն չստանալու հետեւանքով, հարկադրված տեղեկություններ է փնտրում թուրքական մամուլում: Սա շատ արհամարական վերաբերմունք է. ՀՀ ներկայացուցիչները մինչեւ հիմա միայն խոսում են այն մասին, թե ինչ չեն արել, փոխան ասելու թե ինչ են արել: - Արդյո՞ք կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ցեղասպանության ճանաչումը չի ներկայացրել Թուքիա-Հայաստան հարաբերություններում որպես նախապայման, այլ նահանջել է իր կողմից հայտարարված «առանց նախապայմանի» երկխոսությունից` տեղի տալով թուրքական նախապայմաններին: - Առանց թուրքական կողմի ճնշման ու նախապայմանի դժվար է հավատալ, որ ՀՀ ներկայացուցիչներն ինքնակամորեն կցանկանային վիրավորել Հայության արժանապատվությունը: ՀՀ ներկայացուցիչներն առանց նման նախապայմանի, Ապրիլի 24-ի նախօրեին, Հայության նկատմամբ ցեղասպանություն իրականացրած եւ իր կատարած անմարդկային ոճիրի պատասխանատվությունը չընդունող թուրք պետության ներկայացուցիչների հետ համատեղ հայտարարություն չէին կատարի: Դա տեղի է ունեցել թուրքերի պահանջի հետեւանքով: Այդ հաստատում են նաեւ արեւմտյան դիվանագետները: Առանց նախապայմանի բանակցություններ տեղի ունեցել են, բայց առանց նախապայմանի համաձայնություն տեղի չի ունեցել: - Թուրքիան ի՞նչ նպատակ է հետապնդում «պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելով: - Դա պարզ է: Ըստ ցեղասպանագետների, ցեղասպանությունն սկսում է ֆիզիկական բնաջնջումով, շարունակվում ազգաբնակչության լեզվական, մշակութային արժեքների, կոթողների եւ քաղաքակրթության ոչնչացումով. «ցեղասպանության հիշողության ոչնչացումը» ցեղասպանությունը կատարելագործելու վերջին հանգրվանն է, ինչն էլ, այսօր, փորձում է իրականացնել Թուրքիան: «Պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելուց Թուրքիան միանշանակ հետապնդում է այս նպատակը` զուգահեռ փորձելով կանխել Ցեղասպանության ճանաչումն ու դրանից բխող հետեւանքները: - Ի՞նչ կասեիք բանակցությունները գաղտնի անցկացնելու շուրջ: - Միջպետական զգայուն բանակցություններն որոշ փուլերում կարող են ընթանալ ծածուկ, բայց գաղտնի համաձայնություններ չեն լինում եւ չեն էլ կարող լինել, մանավանդ համազգային բնույթ ունեցող հարցերում: ՀՀ Սահմանադրության համաձայն, նման պարագաներում, ՀՀ Գործադիր իշխանության համաձայնագրերը պարտադիր պետք է ներկայացվեն Ազագային ժողովի հաստատմանը: Ուստի ԱԺ-ի բոլոր պատգամավորները նույնպես պատասխանատվություն են կրում այս հարցում: - Իսկ ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները, որ դուրս գան ստեղծված կացությունից: Սփյուռքն ինչպե՞ս կարող է նպաստել այս հարցին: Ինչպե՞ս պետք է լինեն Սփյուռք-Հայաստան հարաբերություններն ընդհանրապես, որպեսզի առավելագույնս պաշտպանվի եւ ապահովվի Հայության շահը: - Հայ ժողովրդի շահ արտահայտությունն այստեղ շատ ճիշտ որակում չէ, կարելի է ընդամենը խոսել հայ ժողովրդի իրավունքների մասին: Թույլ տվեք նշել մի քանի սկզբունքային կետ, ապա անցնել ձեր հարցերի պատասխանին: Առանց մանրամասնելու ասեմ, որ ե՛ւ Հայաստանը ե՛ւ Սփյուռքը, երկուստեք պատասխանատու են, թե՛ ստեղծված ներկա համընդհանուր իրավիճակի եւ թե՛ ընդհանրապես Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կացության եւ մակարդակի համար: Սփյուռքը եւ Հայաստանը, ճի՛շտ է, միասնական են, սակայն այդ միասնությունը պետք է մարմնավորել ու ամրագրել ծրագրային հիմունքներով: Պետք է աշխատել խաղի օրենքները լիովին հարգելով, ներդաշնակ, պատասխանատվությունների պարզ ու հստակ տարբերակումով, այնուհետեւ անհրաժեշտ է մշակել հարաբերությունների ու գործունեության համար կենսական «բացակա ծրագիրը»: Միայն այսպիսի գործունեությունը կարող է լինել նպատակային ու ազդեցիկ: ՀՀ իշխանությունները կտրականապես պետք է հրաժարվեն Սփյուռքին դիտել միայն մի քանի մեծահարուստների կերպարում` անտեսելով միլիոնավոր Հայության մասնագիտական ունակություներն ու կազմակերպական ուժը: Հայաստանի Հանրապետությունը պետք է վերջնականապես հրաժարվի Սփյուռքը դիտել իբրեւ ֆինանսի աղբյուր ու հիշի միայն «թելեթոնների» ժամանակ, ինչը կատարվել է վերջին երկու տասնամյակների ընթացքում: Գալով ձեր հարցումներին, ասեմ, որ գտնվում ենք շատ զգայուն իրավիճակում: Պետք է փորձենք դուրս գալ ստեղծված կացությունից: Ներկա դրությամբ ես գիտակցորեն չեմ ցանկանում կատարվածի նկատմամբ շեշտակի գնահատականներով ու որակումներով հանդես գալ, քանի որ, նախ բանակցային գործընթացը շարունակվում է եւ, առայժմ, պաշտոնական որեւէ հայտարարություն չի կատարվել. երկրորդ` առանց այն էլ Հայաստանի մեջ առկա են անկայունություն ստեղծող լուրջ խմորումներ: Առանձնահատուկ պետք է շեշտել եւ չմոռանալ Հայաստան-Սփյուռք պառակտման հավանականության վտանգը: Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրավունք չունեն հայտարարություններ կատարել Սփյուռքի անունից: Սկզբունքային շեղում լինելուց բացի, դա միջազգային հանրության մոտ ոչ միայն չի զորացնելու ՀՀ դիրքերը, այլ ընդհակառակը` տկարացնելու է: Դրանից, իհարկե, վնասվելու է նաեւ Սփյուռքը: Ինչպես ՀՀ իշխանություններն Սփյուռքի կատարած-չկատարածի պատասխանատուն չեն կարող նկատվել, այնպես էլ չեն կարող նրա անունով հանդես գալ: Այս պարագան, որոշ տարբերություններով, համընկնում է նաեւ Արցախի օրինակին: Արցախի ինքնուրույն հանդես գալը զորացնելու է Հայկական կողմի դիրքերը, ավելացնելու է ՀՀ-ի մանեւրելու հնարավորությունները: Արցախի պարագային, այս կենսական կետը անտեսվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, ինչն առանց հետեւանքի չմնաց. ինչպես տեսնում ենք, Արցախն այսօր, գրեթե ամբողջությամբ, դուրս է մղվել բանակցային գործընթացից: Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում ՀՀ-ը ոչ կարող է մնալ պատմության մեջ եւ ոչ էլ պետք է պատմական փորձն անտեսի: Պատմական փորձը ռազմավարական պաշար է, որի անտեսումն անհեթեթություն է: Թուրքիայի հետ, ներկա դրությամբ, առավելագույնս նախատեսելի է ՍՈՎՈՐԱԿԱՆ եւ զգուշավոր հարաբերություն, անվտանգության բոլոր նկատառումները առաջնային համարելով: Ենթադրել, որ ներկա Թուրքիայի հետ հնարավոր է ունենալ ԲՆԱԿԱՆ հարաբերություններ, մեղմ ասած, ինքնախաբեություն է: Թուրքիան, այսօր եւս, պետական մակարդակով եւ ծրագրերով թունավորում է իր քաղաքացիներին: Միայն անցյալ տարվա ընթացքում, կրթության նախարարության թելադրանքով, թուրքական դպրոցներում ավելի քան 10 միլիոն անչափահաս թուրք երեխաների ցուցադրվել է «Սարի գելին» տեսաժապավենը, որտեղ ներկայացվում է թե հայերը ինչպես են սպանել ու խաշել թուրք մանուկներին: Նախարարությունը պարտադրում էր, որ հայկական դպրոցներում նույնպես ցուցադրվի այդ տեսաերիզը, որի դեմ բողոքեց Պոլսո հայ համայնքը, պահանջելով, որ հայկական դպրոցներին չպարտադրվի այդ տեսաերիզը` չբորբոքելու ու չվիրավորելու համար հայ երեխաներին: Անհնարին է չիմանալ, թե ինչ սադայելական հեռավոր նպատակներից ելնելով է կարելի թունավորել միլիոնավոր երեխաների ամբողջ էությունը` փոքր հասակից հայատյացության սերմեր ցանելով նրանց գիտակցության մեջ: Ենթադրել, որ նման մի պետության հետ կարելի է ունենալ բնական հարաբերություն, նշանակում է սեփական ժողովրդի եւ երկրի ճակատագիրը լուրջ ռիսկի ենթարկել: Թուրքական պետականությունն իր ներքին կայունությունը կերտում է արտաքին մնայուն տագնապներ հրահրելով: Առանց տագնապի նմանօրինակ պետությունը չի կարող գոյատեւել: Միայն կայուն եւ հզոր Հայաստանի գոյությունը կարող է Թուրքիային պարտադրել հեռու մնալ արկածախնդրությունից: Գալով ձեր հարցադրման բուն կետին, թե ինչ պետք է անեն ՀՀ իշխանությունները, որ դուրս գան ստեղծված կացությունից, ասեմ, որ մենք չենք կարող ասել, թե ինչ պետք է անեն կամ չանեն ՀՀ իշխանությունները: Մենք, որպես ցեղասպանությունից վերապրած Սփյուռքի հայեր, մեզ թույլ չենք տա ՀՀ ցանկացած իշխանության հորդորներ կարդալ եւ թելադրանքներ կատարել. մենք մեզ չենք վերապահում նման իրավունքներ: Սակայն կարող ենք մատնանշել մեր լուրջ մտահոգությունն ու խոր ցանկությունը: Կցանկանանք, որ ամեն ինչ ընթանա ՀՀ Սահմանադրության ոգով ու թելադրանքով, որպեսզի Գործադիր իշխանությունը` ՀՀ ԱԺ-ի մասնակցությամբ, ստանձնեն հավաքական պատասխանատվություն` տեղի չտալով թուրքական շանտաժին, խաբեությանն ու սրիկայությանը, որի դեմ հայկական Սփյուռքն իր միջոցներով ու առանց աջակցության պայքարել է վերջին ավելի քան երեք տասնամյակի ընթացքում ու հաղթական էջեր արձանագրել: Մեր բուն երազանքը միասնական ջանքերով Հզոր Հայաստան ունենալն է, իմաստուն ու օրինապահ իշխանություն եւ պետություն ու ժողովուրդ միակամ տեսնելը: Չմոռանանք, որ աշխարհում չկա մի երկիր, որի ժողովուրդը ազատ չէ, իսկ պետությունը անկախ: Պետությունը, եթե սեփական ժողովրդին որպես իրեն հենարան չունենա, էլ ինչի եւ ում վրա հենելով է անկախ: Բուն մտահոգությունն այն է, որ չուղղվի կատարված սխալը եւ հայ-թուրքական բանակցություններում տիրող տրամաբանությունը հաստատվի որպես ուղենիշ ու նախընթաց: Բուն վտանգը, այսօր, հասցեագրված է ո՛չ թե Սփյուռքին այլ Արցախին: Եթե չփոխվի տիրող մտայնությունը` միամտությունը, եւ ազատագրված տարածքներից կատարվի այնպիսի զիջումներ, որոնց մասին հոլովում են վարագույրների ետեւում, երբեմն էլ առանց սթափվելու բացեիբաց, տեղի կունենա անդառնալին: Նորից կկրկնվեն Հայոց Պատմության տխուր եւ սեւ էջերը` կխաթարվի ազգային միասնությունը, կվտանգվի Հայաստանի, ներառյալ Արցախի անվտանգությունը, կկոտրվի հայ զինվորի եւ Հայության Մարտունակության Ոգին: Չպետք է մոռանալ, որ Հայությունը ճաշակել է խաղաղապահ կոչված միջազգային հովանավորող ուժերի շնորհած «ապահովության» արդյունքները ե՛ւ Կիլիկիայում ե՛ւ Արեւմտյան Հայաստանում: Բոլորովին անհրաժեշտ չէ փորձվածը կրկին փորձել, այս անգամ Արցախում եւ հարակից ազատագրված տարածքներում: Ցեղասպանությունն ու Արեւմտյան Հայաստանի եւ Նախիջեւանի հայաթափությունը ճաշակած Հայը ե՛ւ Արցախում ե՛ւ ամենուրեք չի վստահելու, չի կարող վստահել ոչ մի բարեկամ կամ թշնամի խաղաղապահ կամ միջազգային ուժի ողորմության: Ուրեմն չպետք է կատարել անդառնալի եւ կործանարար սխալ: